Պարբերականի մասին մատենագիտական տվյալներ կան հայ պարբերական մամուլի համահավաք մատենագիտական ցանկերում (Մ. Բաբլոյան «Հայ պարբերական մամուլը», Երևան, 1986, էջ 121; Ա. Կիրակոսյան, «Հայ պարբերական մամուլի մատենագիտություն», Երևան, 1970, էջ 58, Գ. Լևոնյան, Հայոց պարբերական մամուլը, Երևան, 1934, էջ 96): Ա. Կիրակոսյանը նշել է, որ թերթը պահպանվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում և ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գրադարանում (այժմ՝ Ազգային արխիվ): Թերթի մասին հիշատակում կա նաև Հասմիկ Եսայանի «Կալիֆորնիայի հայ պարբերական մամուլը» հոդվածում (Հայկազեան համալսարանի հանդէս, Պէյրութ, 2014, թ. ԺԴ.- էջ 438): ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Պողարյան» հավաքածուն ուսումնասիրելիս ի հայտ եկավ պարբերականի 1921 թ. 118-119-րդ միասնական համարը, որը սակայն կիսատ է: Պահպանվել է միայն մեկ թերթը՝ 1-2-րդ էջերը: